Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Ադրբեջանական կողմի ակտիվացումից հետո Հայաստանի տարբեր քաղաքներից հազարավոր անվադողեր են ուղարկվել ու ուղարկվում սահմանապահ զորամասեր: Նախաձեռնությունը շարունակվում է ու նոր թափ ստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում, ինչպես նաև Հայաստանի շատ համայնքներում, մարդիկ շարունակում են անվադողեր հավաքել սահման ուղարկելու համար։ Օրեցօր ավելանում է ոչ  միայն հավաքված անվադողերի քանակը, այլ նաև տղաներին օգնելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը:

Գյումրիում  ակտիվությունն աննախադեպ է։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել տղաների, ովքեր հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները դրանք տանում են դիրքեր:

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

 «Գյումրիում  բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու այստեղ մեծ թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերին ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել, ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիում այս ամենը համակարգող Ժորա Աբգարյանը`տեղեկացնելով, որ զորամասեր անձամբ իրենք են տանում, իրենք էլ իջեցնում են, որ զինվորները շատ չտանջվեն:

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Ժորան հպարտությամբ է նշում՝ ակցիան ոչ միայն օգնում է սահմանին կանգնած զինվորին, այլ նաև հայրենասիրական մեծ դաս է մատաղ սերնդի համար: «Հավատացե՛ք,  հպարտություն է, երբ տեսնում ենք, թե 9-15 կամ ավելի փոքր տարիքի տղաներն ինչպես են հավաքում ու օգնում, որ անվադողերը բեռնատարների մեջ դասավորենք: Առանց մի բառ ասելու գալիս միանում ու օգնում են»,-ավելացնում է Ժորան:

Արցախի նախագահն ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել

Խրամատների և այլ տարածքների ամրացման աշխատանքների համար օգտագործվող անվադողերի հավաքման նախաձեռնությունը նոր չէ։ Դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝  Ժորա Աբգարյանը, ձեռնարկեց այս նախաձեռնությունը: Այս անգամ էլ արձագանքը չուշացավ:

Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով։ Ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները` թույլ չտալով, որ դրանք վնաս պատճառել:

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։