Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Բուլղարիայի Պլիսկա քաղաքում գտնվող «Կիրիլիցայի բակը» շարունակում է բացառիկ մնալ։ Սա աշխարհում կիրիլիցայի միակ թանգարանն է. այստեղ ցուցադրվում են կիրիլյան այբուբենի տառերը, ինչպես նաև անկախ ազգությունից կիրիլիցա օգտագործող գրողների հուշարձանները։
Յուրաքանչյուր հուշարձանի բացմանը պաշտոնական պատվիրակություններ են հրավիրվում Բուլղարիայից, հարևան Սերբիայից, Ուկրաինայից և Բելառուսից, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ ժողովուրդներից։
Մի քանի օր առաջ այստեղ է եղել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։ Նրան հաճելիորեն տպավորել է այն, թե ինչպես է քարոզվում սլավոնականների և բուլղար ժողովդրի մշակութային ժառանգությունը (Կիրիլն ու Մեֆոդին ծնվել են Սալոնիկում և մեծ հավանականությամբ սերում էին հարավային սլավոններից, այդ պատճառով Բուլղարիայում կիրիլիցան ազգային ձեռքբերում են համարում և իրենց ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ)։ Սակայն նախագահին տպավորել է այն, որ այս թանգարանը նույնիսկ ոչ թե բուլղարացի է ստեղծել, այլ հայ` Կարեն Ալեքսանյանը։
«Այս թանգարանը ցուցադրում է մեր հոգևոր ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Եվ այն ոչ թե բուլղարացի հայրենասեր է կառուցել, այլ հայ` փոքր, բայց հերոսական ժողովրդի որդի, որի հետ մենք շատ խորը մշակութային կապեր ունենք», – «Կիրիլիցայի բակում» իր ելույթի ժամանակ հայտարարել է նախագահ Ռադևը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև տեղանքի վրա, որտեղ կառուցվել է թանգարանը։ Պլիսկա քաղաքը բուլղարացիների հնագույն մայրաքաղաքն է, որը VII դարում հիմնադրել է Բուլղարիայի թագավորության նախահայր Ասպարուխ խանը (թուրքալեզու բուլղարների առաջնորդ, որոնք ավելի ուշ խառնվեցին տեղի սլավոնականների հետ)։
«Այցի ընթացքում պարոն նախագահը հավաքվածներին հայտարարեց. «Այստեղ մենք և մեր երեխաները կարող ենք զգալ բուլղարացու ոգու ուժը։ Իմ երախտագիտությունն ու հարգանքն եմ հայտնում պարոն Ալեքսանյանին»։ Ես շատ ուրախ եմ նույնիսկ ոչ թե նրա համար, որ անձամբ իմ անունն է հնչում, այլ որ Բուլղարիայում հայի անուն է հնչում», –Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Կիրիլիցայի բակ» թանգարանի հիմնադիր Կարեն Ալեքսանյանը։
Նախագահի այցին ընդառաջ այստեղ բացել են գրող, թուրքական տիրապետությունից Բուլղարայի ազատագրման մարտիկ Զախարի Ստոյանովի կիսանդրին։ Բացումը նվիրված էր նրա ծննդյան 170-ամյակին։
Բուլղարիայի նախագահն իր հերթին քաջատեղյակ էր, որ հայերը ևս բուլղարացիների հետ մարտնչել են թուրքերից երկիրն ազատագրելու համար։
Այստեղ կանգնեցվել են բուլղարական և ռուս գրականության գրեթե բոլոր դասականների, սերբ գրողների, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ ժողովուրդների գրողների ու բանաստեղծների հուշարձանները. դասական չեչենական գրականությունից` Աբուզար Այդամիրովի, «բուրյաթական Եսենինի»` Նամժիլ Նիմբուևի, կալմիկ գրող Կուգուլտինովի և շատ ուրիշների։
Ռուսաստանի Արևելքի թանգարանը կներկայացնի հայկական մանրանկարչությունը
Կա նաև մոնղոլական նոր գրականության դասական Պուրևիյն Խորլոյի հարթաքանդակը, վերջերս բացվեց բելառուս դասական Յանկա Կուպալայի, ինչպես նաև բուլղարական ծագում ունեցող ուկրաինացի գրող Ալեքսանդր Թեոդորով–Բալանի կիսանդրին։
«Սլավոներենով գրող յուրաքանչյուր ժողովուրդ պետք է այստեղ անձամբ ներկայացնի իր մշակույթը։ Ես չեմ կարող ինձ նման իրավունք վերապահել, այդ պատճառով չեմ ընտրում ո՛չ գրողին, ո՛չ էլ հուշարձանի նախագիծը։ Ես դիմում եմ Մշակույթի նախարարություն կամ տվյալ հանրապետության գրողների միություն։ Նրանք են որոշում, իսկ ես պատվիրում եմ հուշարձանը, ֆինանսավորում եմ այն ու հյուրերի սպասում բացմանը», –ասում է Ալեքսանյանը։
2019 թվականի նոյեմբերին բացվեց նաև ռուսալեզու գրող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԼՂՀ–ում ծնված Լեոնիդ Գորունցի հուշարձանը։ Արարողությանը մասնակցելու համար Բուլղարիա էր ժամանել Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Ի վերջո մենք էլ գրողներ ունենք, որոնք ռուսերեն և սլավոնական այլ լեզուներով են գրել, ինչո՞ւ չհարգենք նաև նրանց հիշատակը», – նշում է Կարեն Ալեքսանյանը։
Նման գրողների շարքում բացվել է նաև հայտնի բուլղարացի ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանի հուշարձանը, ինչպես նաև բուլղարացի կին գրող Սևադա Սևանի հարթաքանդակը։
«Թուրքիայի վերջին հայկական գյուղում» պատմության ու մշակույթի թանգարան է բացվել
Ալեքսանյանի համար կարևորը ոչ մեկին չմոռանալն ու չշրջանցելն է։ Այդ պատճառով էլ մշտապես գրում ու զանգահարում են սլավոնական աշխարհի բոլոր անկյունները, հասկանալու համար, թե էլ ում հուշարձանը կարող է և պետք է այստեղ կանգնեցվի։