«Լուրջ չէ». ինչով է հղի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում արված հակահայկական հայտարարությունը

Ո՛չ երկրի նախագահին, ո՛չ ԱԳՆ–ին հարիր չէ նման հայտարարությունները մեկնաբանելը, և մենք կփորձենք պարզաբանել, թե ինչու։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

90-ականներին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը հիմա բնակվում է Մեծ Բրիտանիայում, անցած հինգշաբթի իրարանցում առաջացրեց Facebook սոցցանցի հայկական տիրույթում։ Նա գրեց, որ Անգլիայի խորհրդարանի համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» վերտառությամբ հայտարարությունը:

«Կարծում եմ` ճիշտ ժամանակն է կուսակցական, ոչ կուսակցական, հեղափոխական, հակահեղափոխական, կարևոր ու անկարևոր տարաձայնությունները մի կողմ դնելու, բոլոր հայամետ կապերն ակտիվացնելու և սփյուռքի հսկայական ներուժը ճիշտ համակարգված գործ դնելու համար», – գրել էր Կրպեյանը։

Մենք` հայերս, շատ ուշադիր ենք հերոսներին և նրանց ազգականների նկատմամբ, այնպես որ Ասպրամի ահազանգող գրառումն անմիջապես մեծ տարածում գտավ սոցցանցերում և ԶԼՄ–ներում։

Օգտատերերից շատերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էին առաջարկում զբաղվել այդ գործով. նա 1992-1996 և 2013-2018 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը և այնտեղ լուրջ հեղինակություն է վայելում։

Սակայն նախագահին հարիր չէ ոչ միայն որևէ մեկի հետ քննարկելը, այլ նույնիսկ նման հայտարարությունը մեկնաբանելը, և մենք հիմա կբացատրենք` ինչու։

Հայտարարությունը, որի մասին խոսվում է, իրականում կոչվում է «Վաղ առավոտվա առաջարկ» (Early day motion) է։ EMD ձևաչափը ենթադրում է, որ առաջարկած թեման, որը ներկայացրել են խորհրդարանի անդամները, բավարար ստորագրություն հավաքելու դեպքում կարող է քննարկվել Լորդերի պալատում (իսկ սա արդեն Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատն է)։  Հայտարարությունը շրջանառության մեջ է դրվել հուլիսի 13-ին խորհրդարանի անդամ Բոբ Բլեքմենի կողմից։ Տեքստը կազմողները դատապարտում են «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ», մեղադրում հայկական կողմին սահմանին էսկալացիայի համար և հայտնում «ԼՂՀ–ից միլիոն ադրբեջանցի փախստականների» մասին։

Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձեց միակողմանի զիջումներ պարտադրել, բայց ապարդյուն. Մնացականյան

Արդեն մի քանի օր է անցել, իսկ հայտարարությունը Համայնքների պալատի ընդամենը 4 անդամ է ստորագրել, այդ թվում` նախաձեռնողը։ Իսկ գիտե՞ք Բրիտանիայի խորհրդարանի ստորին  պալատում որքան անդամ կա։ Իմացեք` 650։

Ավելին, որպեսզի EDM-ն գոնե քննարկվի (դեռ ընդունման մասին խոսք չկա) Մեծ Բրիտանիայի վերին պալատում, Ստորին պալատի 100 անդամի ստորագրություն է հարկավոր։

Լոնդոնում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ Մեծ Բրիտանիայի հայ համայնքը շատ հանգիստ է վերաբերվում հայտարարությանը։

«Դա լուրջ չէ։ Իր փողերով, կեղծ քարոզչությամբ Ադրբեջանը կարողացավ հասնել ընդամենը 4 ստորագրության, բացի այդ նախաձեռնող Բոբ Բլեքմենն Ադրբեջանի գծով  խորհրդարանական խմբի նախագահն է, իսկ խորհրդարանի ստորագրած երկրորդ անդամը` Մարտին Վիկերսը, այդ խմբի փոխնախագահներից մեկը», – ասաց Մոսկոֆյանը։

ԱԳՆ խոսնակն ասաց` որ դեպքում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Համակուսակցական խորհրդարանական խմբեր կան (All-party parliamentary group),  որոնց կազմում ընդգրկված են խորհրդարանական անդամներ բոլոր քաղաքական կուսակցություններից։ Յուրաքանչյուր խումբ զբաղվում է կոնկրետ գաղափարի առաջմղմամբ կամ այս կամ այն երկրին աջակցությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի գծով համակուսակցական խորհրդարանական խումբն ունի 5 անդամ, և նրանցից միայն երկուսն են ստորագրել «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» EDM–ն։

EDM–ն ստորագրած երրորդ անձը Ստորին պալատի անդամ Ջիմ Շենոնն է։ Նա 2016 թվականին եղել է խորհրդարանի 40 անդամներից մեկը, որոնք ստորագրել էին EDM, որով հարգանքի տուրք էր մատուցվում Սումգայիթում ադրբեջանցիների կողմից վայրագաբար սպանված հայերի հիշատակին, ինչպես նաև քննարկվում հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան։

«Մեզ համար նման դիրքորոշումն անհասկանալի է։ Ես ձեզ ավելին ասեմ, չորրորդ ստորագրած անձը խորհրդարանի անդամ Ջոն Մաքդոնելն է, որը մի քանի տարի առաջ ստորագրել էր մի հայտարարության տակ, որով հարգում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչ էին անում Թուրքիային ճանաչել այդ հանցագործությունը», – ասում է Մոսկոֆյանը։

Նրա խոսքով`  հայկական կողմը կոչ է արել խորհրդարանի իր` Հայաստանի գծով Համակուսակցական խորհրդարանական խմբին և խորհրդարանի անդամ Թիմ Լոթոնին շրջանառության մեջ դնել Տավուշի մարզի իրավիճակի վերաբերյալ հայամետ հայտարարություն։

«Պարոն Լոթոնը դիմել է Բրիտանիայում Հայաստանի դեսպանատանը հայտարարությունը կազմելուց առաջ որոշ հարցեր ճշտելու համար։ Շատ ուրախ եմ, որ հուլիսի 17-ին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լոթոնին նամակ է գրել և սատարել նրան հայտարարությունը կազմելու հարցում», – փոխանցեց Մոսկոֆյանը։

ՀՀ ԱԳՆ–ում, ինչպես և ակնկալում էինք, հրաժարվեցին մեկնաբանել հակահայկական հայտարարությունը։

Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

«Սահմանին էսկալացիայի հետ կապված Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն օրեր առաջ ներկայացվել է դրա կառավարության կողմից», –ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը նման է միջազգային հանրության մեծամասնության դիրքորոշմանը. մենք մտահոգված ենք իրավիճակով, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, կոչ ենք անում նստել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ։ Կարճ ասած` չեզոք։

Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի  թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հայ համայնքը մանրակրկիտ աշխատում է իր դիրքորոշումը տեղ հասցնելու համար։

«Մենք պետք է հասկանանք, որ հավերժական ընկերներ կամ թշնամիներ չկան, կան համընկնող շահեր։ Ադրբեջանական կողմն իր նավթային դոլարներով չկարողացավ բավարար թվով չինովնիկների ներգրավել, նրանց զինծառայողները թիրախավորում և գնդակոծում են հայկական դպրոցները, մանկապարտեզներն ու COVID-19–ի դեմ պայքարի համար դիմակ արտադրող գործարանները։ Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ նրանք` դիմակ արտադրող գործարանի», – նշեց եպիսկոպոսը։

Ե՛վ Մանուկյանը, և՛ Մոսկոֆյանը մասնակցել են հուլիսի 17-ին Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց կազմակերպված ակցիային։ Ակցիաները հայտարարության հետ որևէ կապ չունեն։ Պարզապես Լոնդոնի ադրբեջանցիները մոտ մեկ ժամ որոշել էին թափահարել իրենց դրոշներն ու պահանջել Արցախը ՀՀ դեսպանատնից։ Հայերն էլ արագ հավաքվեցին և սկսեցին պաշտպանել դեսպանատունը։

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ. Նաղդալյան

«Մենք բղավում էինք «Խաղաղություն ենք ուզում» և «Արցախ», իսկ նրանք` «Ղարաբաղը մերն է» և «Հայերը ռուսաստանյան շներ են»։ Հասկանում եք` նրանք Ռուսաստանին դաշնակից են համարում, սակայն իրենց նման արտահայտություններ են թույլ տալիս։ Ադրբեջանցի կանանցից մեկը փորձեց մեզնից պաստառ գողանալ, և կողմերի միջև բախում սկսվեց», – պատմեց եպիսկոպոսը։

Եվ կա տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես են բախումը հրահրել ադրբեջանցիները։