Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վստահ է, որ հայ–ադրբեջանական սահմանագոտում սրված իրավիճակը կարելի է հարթել երկխոսության և բարի կամքի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը հասնել խաղաղ երկխոսության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված զինված հակամարտությանը», - ասել է Հռոմի պապը և խոստացել  աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ  «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ պաշտպանել է ՄԱԿ-ի այն նախաձեռնությունը, որն ուղղված է  կորոնավիրուսային համավարակի ընթացքում ռազմական գործողություններից զերծ մնալուն։

«Վերահաստատում եմ կրակի անհապաղ և երկարատև դադարեցման իմ կոչը, որը թույլ կտա հասնել խաղաղության և անվտանգության՝ անհրաժեշտ հումանիտար աջակցություն ապահովելու համար», - ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։