Արցախի նախագահն ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել

Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր (բարձրությունը՝ 3724 մ) մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի գագաթին: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի նախագահն ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել

«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին: Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից»,–գրել է Պողոսյանը:

Նրա խոսքով` գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:

«Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում: Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,–եզրափակել է նա:

Ինչ իրավիճակ է Ադրբեջանի հետ սահմանին. Արցախի ՊԲ–ն հաղորդագրություն է տարածել

Նշենք, որ  հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։