Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ. Նաղդալյան

Աննա Նաղդալյանն անդրադարձել է այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ թուրքական կողմի հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի -  Sputnik. Հայաստանի ԱԳՆ–ն Թուրքիային կոչ է անում խանդավառությամբ լծվել Ցեղասպանության հետևանքները վերացնելու գործընթացին, ոչ թե հակահայկական նոր նախաձեռնություններ ձեռնարկել։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարվող մարտական գործողությունների վերաբերյալ թուրքական կողմի արձագանքին։ 

Ադրբեջանում առկա հակահայկական ծայրահեղ ռասիզմը սնուցում է Թուրքիան. Մելքոնյան

Թուրքիայի նախագահը աջակցություն էր հայտնել «բարեկամական Ադրբեջանին»՝ շեշտելով, որ Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը։

ՀՀ արտգործնախարարությունը, ի պատասխան սրա, հայտնել էր` Թուրքիան իր մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը։

«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտության լուծման հարցում, ո՛չ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ դրել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ պետք է իրականացնի` դրա հետևանքները վերացնելն է»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` ՀՀ ԱԳՆ–ն սահմանին այժմ տիրող իրավիճակի առնչությամբ առավել կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է լարվածության թուլացմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած կրակի վրա յուղ են լցնում»․ Փայլանը մեղադրել է Թուրքիային

Նաղդալյանը հիշեցրեց, որ իրենք արդեն իսկ անդրադարձել են թուրքական կողմի հայտարարություններին և հավելելու ոչինչ չունեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Թուրքիայի կեցվածքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը