ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այս պահին ՀԱՊԿ–ին որևէ ձևաչափով դիմելու կարիք չկա։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Տավուշում Ադրբեջանի կողմից կատարվող մարտական գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ–ին դիմելու հարցին։
«Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ–ի իր գործընկերներին սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը։ Այդպես էլ եղավ` ՀԱՊԿ–ի մշտական խորհրդի նիստին մեր ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ` ներկայացնելով իրադարությունը»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում է այս փուլում Հայաստանի մտահոգությունը, քանի որ այնտեղ նշված է, որ լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։
Նաղդալյանը վստահեցրեց` Հայաստանը լիովին վերահսկում է իրադրությունը սահմանային գծում։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
«Մեր նպատակը լրիվ այլ էր». Շավարշ Քոչարյանը` ՀԱՊԿ–ին դիմել–չդիմելու մասին