ԱԳՆ խոսնակն ասաց` որ դեպքում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Աննա Նաղդալյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնել է, թե ինչու է ընդհատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների այցը Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացվել են այսօր Արցախում հակառակորդի ԱԹՍ–ի խոցման դեպքի մասին և նախատեսվո՞ւմ է նրանց այցը տարածաշրջան։

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ. Նաղդալյան

Նշենք, որ այսօր լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի` հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելություններն ընդհատվել էին կորոնավիրուսային իրավիճակից ելնելով։ Երբ ուղևորափոխադրումները վերականգնվեն, նրանք կայցելեն տարածաշրջան»,–ասաց Նաղդալյանը։

Նա հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանը մշտական կապի մեջ է։ Հայկական կողմը նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և զարգացումների մասին։

Ռուսաստանի հետ շփումներ են եղել նաև զինվորականների մակարդակով. ԱԳՆ խոսնակ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Այս պահին ՀԱՊԿ–ին որևէ ձևաչափով դիմելու կարիք չկա. Աննա Նաղդալյան