Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ

Արմեն Պապիկյանի խոսքով` Մեծամորի ատոմակայանին հարվածելու հայտարարությամբ ոտնահարվել են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

«Հուլիսի 17-ին կայացած հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Ինչպես նաև այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Պապիկյանը Հայաստանի մտահոգությունն է հայտնել Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին` Ադրբեջանի սպառնալիքի վերաբերյալ»,–նշված է հայտարարության մեջ։

Պապիկյանի խոսքով` նման հայտարարությունները ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։

Դեսպան Պապիկյանը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Նրա խոսքով` ադրբեջանական բանակի սպառազինության կազմում գտնվող հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ–ը։ Դարգյահլին հավելել էր, որ դա կարող է մեծ աղետ դառնալ Հայաստանի համար։

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր հնչած հայտարարություններին` ասելով, որ նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ադրբեջանի հայտարարությունը դատապարտել էր նաև Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է:

Ես դեմ եմ պատերազմին, բայց դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին. Խանաղյանի գրառումը