Ինչ իրավիճակ է Ադրբեջանի հետ սահմանին. Արցախի ՊԲ–ն հաղորդագրություն է տարածել

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել։

«Չնայած առանձին հատվածներում հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն հաստատված հարաբերական կայուն իրադրությունը պահպանվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Արցախում լուսադեմին ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել. լուսանկարներ

Նշենք, որ այսօր լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի` հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանի ԱԹՍ–ի` Արցախում հայտնվելը չի նշանակում, որ մարտերը տեղափոխվել են. Հովհաննիսյան

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։