ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Տեղեկությունը հաղորդում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
«Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարք:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:
Հիշեցնենք` նախորդ շաբաթ` հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:
Ինչ իրավիճակ է Ադրբեջանի հետ սահմանին. Արցախի ՊԲ–ն հաղորդագրություն է տարածել