ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Արցախում հակառակորդի ԱԹՍ հայտնվելը չի նշանակում, որ մարտերը տեղափոխվել են Արցախի տարածք։ Իջևանում մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայտնել էինք, որ այսօր լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք:
«Արցախում պարբերաբար հնչում են կրակոցներ, և անօդաչուի հայտնվելը չի նշանակում, որ մարտական գործողությունները տեղափոխվում են Արցախ։ Սակայն մենք հակառակն էլ չենք կարող պնդել»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարքին, ապա Հովհաննիսյանը հայտնեց, որ դրա բազային տարբերակաը լինում է հետախուզական։ Սակայն, ըստ նրա, այդ ԱԹՍ–ն ունի նաև տեսակներ, որոնք մարտական են։ Արցախի ՊԲ–ի խոցածը, ամենայն հավանականությամբ, հետախուզական էր։
SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում․ Հովհաննիսյանը հաստատեց
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։