ՌԱԴԻՈ

Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չէր ուզի հակառակորդին տխրեցնել, սակայն անզեն աչքով էլ երևում է` հայկական ԶՈՒ–ն անօդաչուներից լավ է հասկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայաստանի զինված ուժերը հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ կիրառել է մարտական ԱԹՍ, որի արդյունքները բավականին բարձր են։ Իջևանում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր կիրառած մարտական ԱԹՍ–ն շատ լավ արդյունք է ցուցաբերել, սակայն այս պահին ավելին ասել չեմ կարող` ռազմական գաղտնիք է»,–ասաց Հովհաննիսյանը։

Իսկ ինչ վերաբերում է հայկական ԶՈՒ–ի կողմից հակառակորդի ԱԹՍ–ների խոցմանը, Հովհաննիսյանը նշեց, թե չէր ուզի հակառակորդին տխրեցնել, սակայն անզեն աչքով էլ երևում է` աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն բավականին լավ է գլուխ հանում։

Արցախում լուսադեմին ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել. լուսանկարներ

Որպես օրինակ` Հովհաննիսյանը հիշեցրեց հենց այսօր լուսադեմին Արցախի ՊԲ–ի կողմից հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարքը մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից մոդեռնիզացրած «ՕՍԱ–ԱԿՄ» համակարգերի միջոցով խոցելը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին` Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց` նրանց առջև դրված նպատակը չի հաջողվել իրականացնել։

«Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել նրանց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զինատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։ Անգամ «փառապանծ» հատուկ նշանակության զորքերի գործունեությունն արդյունավետ չէր։ Տակը ի՞նչ է մնում. մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են»,–ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱԹՍ–ներն էլ Ադրբեջանը հիմնականում ձեռք է բերում Իսրայելից։

Նա հայտնեց նաև, որ հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով ֆիքսում են, և դրանք պարզ են հայկական ԶՈՒ–ի համար։

Հովհաննիսյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այսօր արտասահմանյան լրագրողների այց է սպասվում։ Նրանք կայցելեն հայ–ադրբեջանական սահման, տեղում կծանոթանան իրավիճակին։

Ադրբեջանի ԱԹՍ–ի` Արցախում հայտնվելը չի նշանակում, որ մարտերը տեղափոխվել են. Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի` հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք: 

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։