Ռուսաստանի հետ շփումներ են եղել նաև զինվորականների մակարդակով. ԱԳՆ խոսնակ

Աննա Նաղդալյանն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ռուսական կողմի հետ համագործակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ռուսական կողմն ասել էր` լարվածության թուլացման առնչությամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր, ի՞նչ քայլերի մասին է խոսքը։

«Հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի հետ շփումներ են եղել նաև զինվորականների մակարդակով»,–ասաց Նաղդալյանը` նշելով, որ այլ մանրամասներ հիմա ասել չի կարող։

Բացի այդ, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում. մասնավորապես` Ռուսաստանի համանախագահը։

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ. Նաղդալյան

Նաղդալյանը նշեց` ՀՀ ԱԳՆ–ի հիմնական առաջնահերթությունն այս փուլում էսկալացիայի դադարեցումն է, կայունության հաստատումը։

Այսինքն` վերացնել այն բոլոր գործընթացները, որոնք խաթարում են ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Այս պահին ՀԱՊԿ–ին որևէ ձևաչափով դիմելու կարիք չկա. Աննա Նաղդալյան