Արցախում լուսադեմին ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել. լուսանկարներ

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Վերջին տվյալներով`Հայաստանի զինված ուժերը հուլիսի 12–ից 18–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական 13 ԱԹՍ են խոցել։