Վարդան Մինասյանն այլևս «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը չէ

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» հաջողությունների է հասել, ոչ միայն Հայաստանի ներքին առաջնությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին լրացել է Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքած պայմանագրի ժամկետը, և կողմերը որոշել են չերկարաձգել այն:

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն․ թիմը պաշտպանեց իր տիտղոսը

Ֆուտբոլի 2018/19 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրից հետո Վարդան Մինասյանը ստանձնեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը և երկու մրցաշրջան թիմին բերեց Հայաստանի չեմպիոնական տիտղոսը:

Այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիան», բացի չեմպիոն հռչակվելուց, խաղաց նաև գավաթի եզրափակիչում (որտեղ 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց «Նոային»): Սակայն այս նվաճումները չպահպանեցին Մինասյանի տեղը թիմում:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» հաջողությունների է հասել, ոչ միայն Հայաստանի ներքին առաջնությունում: Եվրոպայի լիգայի խաղարկությունում թիմն առաջինը հայկական ակումբների մեջ հասավ մինչև փլեյ-օֆֆ ու շատ մոտ էր խմբային փուլին մասնակցելուն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Մինասյանին կատարած աշխատանքի համար, Մինասյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։ 

«Արարատ-Արմենիայի» չեմպիոնության խաղի լավագույն կադրերը

Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Այսինքն՝ վիճակագրությունն ակնհայտ ցույց է տալիս, որ Մինասյանի օրոք թիմը լավ արդյունքների է հասել: Բայց ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է արտասահմանյան ակումբ, և չի բացառվում, որ շատ շուտով հայ մարզիչը գլխավորի նոր թիմ արդեն արտասահմանում: