Տավուշում ոչ մի երեխա ապաստանի կամ սննդի խնդիր չունի. մարզպետ

Նա ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր նախաձեռնությունները նախապես համաձայնեցնել տեղական և պետական ինքնակառավարման մարմինների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց, այդ թվում՝ երեխաների տարհանում չի իրականացվում: Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար:

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

«Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի: Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի ու բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին»,- գրել է նա և ևս մեկ անգամ կոչ արել բոլոր նախաձեռնությունները նախապես համաձայնեցնել տեղական և պետական ինքնակառավարման մարմինների հետ:

Նշենք, որ վերջին օրերին համացանցում օգտատերերը նախաձեռնությամբ էին հանդես եկել, որով առաջարկում էին սահմանամերձ գյուղերի երեխաներին ժամանակավորապես ապաստան տալ իրենց տներում՝ նրանց կրակոցներից հեռու պահելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։