ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի –Sputnik. Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դարձյալ դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:
ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեյթրոյի հետ, բայց հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունը, այս պահին մանրամասներ ներկայացնել չի կարող:
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում
«Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։ Բացի այդ, ինչպես պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ են նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արման Թաթոյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև հուլիսի 15-ին` այն օրը, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Նարեկ Սարդարյանը գտնվում է այդ երկրի տարածքում ու այդ մասին վկայող տեսանյութ հրապարակեց:
30-ամյա Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս էր եկել, գնացել արոտավայր և չէր վերադարձել։
Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը Նարեկին քաջ ծանոթ է:
Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։
Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չուներ։
Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման