ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարված իրադարձություններին և ադրբեջանական ագրեսիային։ Twitter-ի իր էջում նա նա գրառում է կատարել՝ քննադատելով ադրբեջանական ագրեսորի պահվածքը՝ առավել ևս համավարակի համաշխարհային պայքարի այս օրերին։
«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քիմն ու հիշեցրել, որ որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը։
Օրինագիծը թույլ կտա զսպել Կոնգրեսին, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին ռազմական այնպիսի օգնություն տրամադրել, որը կարող է օգտագործվել Հայաստանի կամ Արցախի դեմ։
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի այս ուղղությամբ ու միջամտի` քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով կանխելու սրված հակամարտությունն ու մարդկանց կյանքերի կորուստը։
Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ սանձազերծված այս հարձակումները խաղաղ ուծում պետք է ունենան, առավել ևս այսօր, երբ առանց այն էլ ապրում են համավարակի դժվարին ժամանակներում։
«Խնդրում եմ, դիմեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ Հայաստանին աջակցելու համար»,- եզրափակել է իր գրառումը ամերիկահայ աստղը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։