«Պետք է հասկանալ՝ ով է շահագրգռված իրավիճակի սրմամբ»․ Փաշինյանը զրուցել է Միշուստինի հետ

ՀՀ վարչապետն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է սահմանին տիրող ընթացիկ իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Պատճառներն առայժմ հայտնի չեն, թե ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գրոհել հայկական դիրքերի վրա»,-ասել է Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը։

Փաշինյանը Լուկաշենկոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Նա ռուս գործընկերոջը տեղեկացրել է սահմանին տիրող ընթացիկ իրավիճակի մասին։

Հայաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ այդ իրադարձությունները տեղին են ունենում երրորդ կողմի դրդմամբ։

«Դա դեռ պետք է հասկանալ, թե ով և ինչու է շահագրգռված հակամարտության սրմամբ»,-ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատասխանատուն Հայաստանն է։ Նա հայտարարել էր, որ Հայաստանն իբրև թե կոնֆլիկտ է հրահրել՝ «տարածաշրջանում լարվածության նոր օջախ ստեղծելու համար»։ Էրդողանը Ադրբեջանին աջակցություն էր խոստացել «ընդդեմ ցանկացած հարձակման»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Ռուսաստանի հետ առևտրի աճի տեմպերը շուտով կվերականգնենք․ Փաշինյանը և Միշուստինը հանդիպել են

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։