Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմ ապահովելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է հանդիպման արդյունքների մասին` ասելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդ հանդես գալ։

«Հանդիպման ժամանակ մանրամասն մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի նախագահը և Անվտանգության խորհրդի անդամները խիստ մտահոգված են շարունակվող էսկալացիայի առնչությամբ։ Նրանք շեշտել են, որ հրադադարի ռեժիմի ապահովումը հրատապ անհրաժեշտություն է կողմերի համար։

Բաքվի հետ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն. Փաշինյան

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնեց, որ գիշերվա ընթացքում շփման գծում հարաբերական անդորր է պահպանվել։