ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) չի դիմել օգնության համար: «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին:
«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է` եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։
Հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: