ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն արդեն քայլեր է ձեռնարկել` ուղղված հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների դադարեցմանն ու իրավիճակի կայունացմանը։ ՌՀՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը` որպես տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հարցում շահագրգիռ երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել` ուղղված հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանն ու իրավիճակի կայունացմանը», – ասել է Լավրովը։
Արա Աբրահամյանն էլ արտգործնախարարին տեղեկացրել է ՌՀՄ–ի կառավարման խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների վերսկսման հետ։ Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
Աբրահամյանը նախարարին է ներկայացրել նաև այն աշխատանքը, որը ՌՀՄ–ն իրականացնում է այս օրերին, այդ թվում` ՌԴ–ի տարածքում ազգամիջյան բախումները, կոնֆլիկտային դրսևորումները կանխելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։