ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի` ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հայտարարությանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի՝ բանակցային գործընթացի մասին հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այդ շարքից է, ապա դա զարմանալի չէ։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք: Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ո՛չ զարմացնում է, ո՛չ էլ տպավորում»,– նշված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Նաղդալյանը շեշտում է` Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանս է անցկացրել նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել, որ ղարաբաղյան հարցի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել. «Եթե բանակցություններն անիմաստ լինեն, «այլ կերպ կգործենք»։