ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։
«Ավարտվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար այսօր ՀՊՏՀ-ում հրավիրված խորհրդի նիստը: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ 22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Համալսարանից խոստանում են մանրամասները ներկայացնել քիչ անց:
Նշենք, որ այսօր ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Դիանա Գալոյանը 2013 թ. մինչև այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:
2014 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի վարիչի պաշտոնում:
2018 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման: 2018 թվականից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի միջազգային փորձագետ է (Ավստրիա):
2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2019թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար:
Հեղինակ է շուրջ 57 գիտական հրապարակումների, այդ թվում 10 մենագրության, 5 ուսումնական ձեռնարկի: