«Բանակը քանակով չի որոշվում». Արթուր Ալեքսանյանի` զինծառայողներին գոտեպնդող գրառումը

Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշում իրականացվող գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի- Sputnik. Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: Instagram–ի իր էջում նման գրառում է կատարել`Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես ի՛մ հայրենիքի զինվորն եմ»,–գրել է Ալեքսանյանը։

Նա հրավիրել է միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքների վրա:

Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Ի դեպ, նույն տեքստն Ալեքսանյանը գրել է նաև անգլերենով։

Նշենք, որ արմատներով հայ մի շարք հայտնի մարդիկ են սոցցանցերում խաղաղության կոչեր արել` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկ խաղաղ բնակիչ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։