Ռուսաստանի հետ առևտրի աճի տեմպերը շուտով կվերականգնենք․ Փաշինյանը և Միշուստինը հանդիպել են

ՀՀ վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճի տեմպերը նվազել են։
Sputnik

ԵՐԵՎԱն, 17 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ի երեկոյան Մինսկում հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ՝ Միխայիլ Միշուստինի հետ։ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով նախկինում մի քանի հանդիպում չեղարկվել է, և երկկողմ օրակարգում կուտակվել են բազմաթիվ հարցեր։

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Նա ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները զարգանում են համաչափ։ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականը բավական արդյունավետ էր, քանի որ երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ գրանցելով 14 տոկոս աճ:

«Հունվար-փետրվարին այդ տեմպը շարունակվեց, բայց, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված, մենք կորցրինք այն։ Բայց ես վստահ եմ, որ շատ շուտով այդ տեմպը կվերականգնենք»,-հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մի քանի ամսում առաջին անգամ այն կայացել է առկա ձևաչափով։