Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն անցկացվում է կառավարության ղեկավարների մակարդակով, այն նախագահում է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիս - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները դեռևս չեն կոտրել «դիմադրությունը» ազատ առևտրի հարցում։ Այս մասին ասել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Ինչպե՞ս լուծել ԵԱՏՄ-ում բեռների փոխադրման խնդիրները․ նոր մարմին է ստեղծվել

Նա նշել է, որ բացի ազատ առևտրի խոչընդոտները վերացնելու խնդրից, ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նիստում քննարկվելու է «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացումը և պիտակավորման համակարգի հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում: Օրակարգում է նաև բնակչության առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագիրը ՝ Միության երկրներում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:

Այսօրվա նիստում կքննարկվեն նաև գազի, նավթի, նավթամթերքի շուկայում աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարական պատվիրակությունը Փաշինյանի ղեկավարությամբ մեկնում է Մինսկ

Նշենք, որ Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են նաև  Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես  նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն այս ձևաչափով առաջինն է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և ունի 5 անդամ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։