ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե իբր Երևանն Աֆղանստանում կործանված անօդաչուի լուսանկար է հրապարակել։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ասել էր` իբր հայկական կողմը 2014 թվականին Աֆղանստանում կործանված ամերիկյան ԱԹՍ-ն որպես ադրբեջանական է ներկայացնում։ Նա հերքել էր տեղեկությունը կործանված 13 անօդաչուների մասին։
Ստեփանյանն ավելացնում է, որ ՊՆ–ն ոչ մի լուսանկար չի տարածել։ Տարածվել է միայն Hermes 900-ի խոցման պահը․ այն խոցվել է Հայաստանում արդիականացված «ՕՍԱ—ԱԿՄ» համակարգով։ Նրա խոսքով՝ ուրիշ պաշտոնական լուսանկար չի տարածել։ Պետք է նշել, որ ԶԼՄ-ները հաճախ նյութերը հրապարակում են արխիվային լուսանկարներով, օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի լուսանկարներով։
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները հենց դրանից են կառչել։ Սակայն պաշտպանության նախարարությունն արդեն ասել է, որ որոշ ԱԹՍ-ներ կողմերի դիրքերի արանքում են ընկել, այդ պատճառով դրանք հնարավոր չէ նույնականացնել։
«Ինչ վերաբերվում է նրան, թե իրենց բոլոր ԱԹՍ–ները տեղում են, հատկապես, եթե խոսքը գնում է Հերմեսի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ Հերմեսից ունեն ընդամենը մի քանի երկիր, եվ եթե դա իրենցը չէ, ապա հետաքրքիր է` որ երկրի ԱԹՍ–ն է խախտել մեր օդային սահմանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մամուլի քարտուղարը նորից հաստատեց, որ ՀՀ ԶՈւ-ն 13 ադրբեջանական ԱԹՍ է խոցել. երեքը հետախուզական են, իսկ 10–ը` հարվածային (այդ երեքի մեջ է մտնում նաև Hermes 900–ը)։
Հիշեցնենք`հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։