Ոստիկանությունը հետևում է բանակի օրինակին. հայտարարվել է փակ մրցույթ

Ներքին զորքերի որակյալ սննդի հարցը շուտով կլուծվի: Կառավարությունն այսօր որոշում ընդունեց ոստիկանության ներքին զորքերի սննդի ապահովման համար մրցույթ անցկացնելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը մտադիր է բարեփոխել ոստիկանության ներքին զորքերի սննդի ապահովման կարգը: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Այդ նպատակով ոստիկանությունը հայտարարում է փակ մրցույթ՝ ճաշարանային ծառայություններ ձեռք բերելու համար:

Ժամանակակից ճաշարան՝ բոլոր հնարավորություններով. Բակո Սահակյանն այցելել է զորամաս

«Նախագծում նախատեսվում է նաև Դավիթաշենում և Ծովակալ Իսակովի պողոտայում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով, անհատույց տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման ծառայություններ այդ տարածքներում իրականացնելու համար»,- ասաց ոստիկանապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ սննդի մատակարարման այդ կարգն արդեն գործում է ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումներում ու քրեակատարողական հիմնարկներում և արդարացնում է իրեն:

Մյուս տարվանից բոլոր զորամասերում ժամանակակից ճաշարաններ կգործեն

«Որպեսզի այդ համակարգն ամբողջությամբ կայանա, մենք պետք է շարունակենք լավացնել այն բոլոր շերտերով ու ուղղություններով»,- ասաց Փաշինյանը:

Քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց: Ինչպես նշված է կառայարության կայքում հրապարակված հիմնավորման մեջ, որոշման ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ՔԿՀ–ների ճաշարանների մասին. ի՞նչ կտա փոփոխությունը