Տավուշում զոհված Սմբատ Գաբրիելյանին հրաժեշտ տվեցին Ճամբարակում

20-ամյա Գաբրիելյանը ժամկետային զինծառայող էր։ Նրա հայրն ու եղբայրն էլ են զինվորականներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Տավուշի մարզում Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման և արձակած կրակոցների հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին հրաժեշտ տվեցին հայրենի Ճամբարակ գյուղում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկա է եղել հոգեհանգստի արարողությանը և գրառում արել Facebook-ում։

«Ճամբարակում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի հոգեհանգստի արարողությանը: Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին», - գրել է Սարգսյանը։

20-ամյա Գաբրիելյանը ժամկետային զինծառայող էր։ Նրա հայրն ու եղբայրն էլ են զինվորականներ։ Սմբատը պետք է զորացրվեր կես տարի անց՝ հաջորդ տարվա հունվարի 15-ին։ Զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

«Գարուշ ջան, տղաներդ կմեծանան և կիսատ թողածդ ավարտին կհասցնեն». հրաժեշտ` 31-ամյա մայորին

 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։