ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցնող գիշեր ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ իրականացված հրետակոծության հետևանքով երկու հրդեհ է բռնկվել Այգեպար գյուղի բնակելի տներից մեկում ու մի զորամասում: Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Կրակի տակ չենք կարողանում աշխատել: Երկու հրդեհն էլ հանգցրեցինք, բայց ստիպված էինք աշխատել կրակի տակ»,- ասաց Ցոլակյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ սահմանամերձ տարածք մեկնելը հրշեջ-փրկարարական բոլոր ավտոմեքենաները ներկվել են, դրանց կարմիր գունավորումը թարմացվել է:
«Որ տեսնեն, իմանան` հրշեջ մեքենա է»,- պարզաբանեց նախարարը:
Վարչապետը, սակայն, թերահավատություն հայտնեց, թե դա մեր հակառակորդի համար որևէ էական նշանակություն կունենա:
«Եթե բնակելի տներին են կրակում, չեմ կարծում` հրշեջ մեքենան դրական վերաբերմունքի արժանանա»,- ասաց Փաշինյանը:
Ցոլակյանը նաև հայտնեց, որ փրկարար ծառայության աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական պաշտպանության լայնածավալ աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ գյուղերում:
«Բոլոր գյուղերն ապահովված են շտապօգնության, հրշեջ մեքենաներով: Մենք այլ տեղերից մեքենաներն ուղարկում ենք այնտեղ: Անձնակազմը կա, բացի այդ` լրացուցիչ ուժեր ենք ուղարկել հենց ավերածությունների համար: Գտնվում են Բերդի տարածաշրջանում» ,- ասա Ցոլակյանը:
Նա նաև նշեց, որ բնակչությանը հրահանգված է մեծ խմբերով չհավաքվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։