Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ռուսական բանակի նորագույն զրահամեքենաների եզակի շարքը համալրվել է սրընթաց «Ստրելայով», որը զրահամեքենաների համար անհավանական արագություն է հավաքում՝ ավելի քան 155 կիլոմետր/ժամ։ Բայց դա միակ առավելությունը չէ, որը թույլ կտա ամրապնդել ՌԴ-ի ու երկրի դաշնակիցների պաշտպանունակությունը և ապահովել ռուսական զենքի գերակայությունը ժամանակակից ռազմական հակամարտություններում։
«Ռազմաարդյունաբերական ընկերություն» (ՌԱԸ) մշակող ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ «Ստրելա» թեթև զրահամեքենան ՌԴ-ում նմանը չունի։ Հակաականային պաշտպանությունը երաշխավորում է անձնակազմի կյանքի ապահովությունը, եթե մեքենայի տակ ական կամ պայթուցիկ նյութ պայթի (տրոտիլային համարժեքով մինչև երկու կիլոգրամ հզորության)։ Մեքենայի քաշը 4,7 տոննա է։ Համեմատության համար՝ «Տիգր» զրահամեքենան երկու անգամ ծանր է ու տրոտիլային համարժեքով ընդամենը մինչև 600 գրամ հզորության պայթյունի է դիմանում։
Առանց պաթոսի. ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին խոսում են թվերը
«Ստրելան» պաշտպանված է ժամանակակից զրահով ու կորպուսի երկրաչափությամբ։ Հիմա ընդունված է ներսում տեղադրել նստարաններ, որոնք հավասարակշռում են պայթյունի ալիքի հարվածը։ Սիրիայում ռուսական նորագույն զրահամեքենաների կիրառումը ցուցադրել է նոր տեսակի կառուցվածքի ապահովությունը․ պայթյունները մարդկանց մահվան չեն հանգեցրել։
«Ստրելա» թեթև զրահամեքենան նախատեսված է հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեությունն ապահովելու, բալիստիկ պաշտպանության բարձր մակարդակի ապահովմամբ մարդկանց ու տարատեսակ բեռների տեղափոխման համար։ Ներսում տեղավորվում է մինչև ութ մարդ, այդ թվում՝ վարորդը։ Մարտական մեքենան պատրաստված է բացառապես ռուսական պահեստամասերից։
Զինծառայողները հաստատ կհավանեն սրընթաց «Ստրելան», քանի որ շարժունակությունը ստորաբաժանումների մարտական կայունության հիմքն է։ Եթե զրահամեքենան մայրուղու վրա մինչև 155 կմ/ժ արագություն է հավաքում, ապա բարդ տեղանքում` առնվազն 80 կմ/ժ։ Մեքենայի հիմքում դրված հանգույցներն ու ագրեգատները կարող են օգտագործվել քաղաքացիական մեքենաշինության զանգվածային արտադրության մեջ, ու այդ ժամանակ Ռուսաստանում կարող է հայտնվել աշխարհի ամենահզոր քրոսովերը, որի մասին երազում են երկրաբանները, արշավականներն ու ձկնորսները։
Հատուկ նշանակության բոլիդներ
Ակնհայտ է, որ մարտադաշտում տարատեսակ զրահամեքենաների կարիք կա։ Տարբեր դասերի ու հնարավորությունների մեքենաները թույլ կտան, որ զորքը լուծի իր առջև դրված խնդիրները, ոսկերչական ճշգրտությամբ կառավարի իրավիճակը, ճնշի հակառակորդին կրակային հզորությամբ ու մանևրներով։ Պատահական չէ որ սպառազինության միջազգային շուկան լի է Stryker (ԱՄՆ), LAV (Կանադա), VBCI (Ֆրանսիա), Boxer (Գերմանիա - Հոլանդիա), Pandur (Ավստրիա), Pars (Թուրքիա) զրահափոխադրիչներով, այդ ոլորտում տարեկան միլիարդավոր դոլարներ են պտտվում, և ռուսական ռազմաարդյունաբերական համալիրն արդեն տասնյակ տարիներ առաջատար դիրքում է։ Միայն 2010-2017 թվականներին 1,48 միլիարդ դոլարի 1206 ռուսական մեքենա է վաճառվել։ Նորագույն զրահամեքենաներն էլ ավելի կամրապնդեն ռուսական ՌԱՀ-ի դիրքերը։
«Ռազմաարդյունաբերական ընկերությունը» (ՌԱԸ) անվային զրահատեխնիկայի խոշորագույն մշակող ու արտադրող է։ Այն զրահամեքենաներ է մատակարարում ՌԴ ցամաքային զորքերին ու ավելի քան 40 երկրի բանակներին։ Ընկերության ամենահայտնի նախագծերից են «Տիգր» զրահամեքենաներն ու «Բումերանգ» հեռանկարային հարթակը։ Ամբողջ արտադրանքը ստուգվում է խիստ մարտական պայմաններում (այդ թվում՝ Սիրիայում) ու երաշխիքային սպասարկում ունի համաձայնեցված ժամկետի շրջանակում։
100 միլիոնանոց պարադոքս․ ինչու է F-35-ի պոչը պոկվում գերձայնային արագության ժամանակ
Նշենք, որ ռուսաստանցի զինագործները միշտ էլ համարվել են թրթուրավոր զրահատեխնիկայի առաջատարները, սակայն ՌԱԸ-ն երկար ժամանակ մասնագիտացվել է միայն անվային տեխնիկայի արտադրության վրա։ Նման լուրջ ու հաջողակ «ընտանիքում» ձախողակներ չեն ծնվում, ու «Ստրելա» թեթև զրահամեքենային մեծ ապագա է սպասում զորքերում, մարտի դաշտում ու զենքի միջազգային շուկայում։
Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի