ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանցիների դիակների տարհանման լուսանկարներն ու տեսանյութը

Լուսանկարներում և տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են միջդիրքային տարածությունից դուրս բերում դիակները։ Դատելով նկարներից և տեսանյութից` կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը շուրջ 8 զինծառայողի դի է տեղափոխում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Facebook–ում։

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»,– գրել է նա։

Դատելով նկարներից և տեսանյութից` կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը շուրջ 8 զինծառայողի դի է տեղափոխում։

Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից։

Հուլիսի 16. ինչպես են ադրբեջանական հատուկջոկատայինները դիվերսիոն փորձ արել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։