ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Տավուշում սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը վաղ առավոտից թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, հրետակոծվել են Մովսես ու Այգեպար գյուղերը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի պաշտոնական էջում դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում»,- գրել է Չոբանյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում է իրավիճակը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Ինչ է կատարվում Տավուշում. ՊՆ-ն Այգեպարին հարվածելու տեսանյութ է հրապարակել
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դավիթ Տոնոյանը խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։