Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը սրվել է։ Հակառակորդը, իր ձեռագրին հավատարիմ, թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը` կրակելով սահմանամերձ գյուղերի վրա։ Տուժել են Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերն ու Բերդ քաղաքը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ինչ է կատարվում Տավուշում. ՊՆ-ն Այգեպարին հարվածելու տեսանյութ է հրապարակել
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։