Մեզ հարկավոր է ամուր թիկունք. կառավարությունն անդրադարձավ կորոնավիրուսային «պատերազմին»

Առողջապահության նախարարն ասաց, որ ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն ու տատանվում է 650 թվի շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Մինչ ՀՀ ԶՈՒ-ն բարձր մակարդակով կատարում է իր առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել: Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից»,- ասաց Փաշինյանը ՝ ՀՀ քաղաքացիներին դարձյալ կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները:

Այդուհանդերձ, ըստ վարչապետի, ՀՀ առողջապահության համակարգի լարվածությունը վերջին օրերին թուլացել է, ինչը, նրա մեկնաբանությամբ, կարող է կապված լինել մասնավորապես դիմակներ դնելու հետ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 554-ով և դարձել 33 559

«Ցավոք, ոչ բոլորն են կրում դիմակներ, և մեր կոչն է անպայման հետևել հակահամաճարակային կանոններին»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, մեկնաբանելով առկա իրավիճակը, նշեց, որ գրանցված դեպքերի թվի մեծ, բայց միաժամանակ կայուն լինելը արդյունք է այն հակահամաճարակային գործողությունների, որոնք կառավարությունն ու քաղաքացիներն իրականացնում են:

«Տանն արդեն շուրջ 4 օր է, ինչ չունենք հիվանդանոց տեղափոխման սպասող քաղաքացիներ, չունենք նաև այլ հիվանդանոցներում տեղափոխման սպասողներ: Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն ու տատանվում է 650 թվի շուրջ: Մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխության սարքերին: Ցավոք, լինում են նաև մահվան դեպքեր, հատկապես՝ տարեց և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ, և նրանց ուշադրություն դարձնելը մեր բոլորի պարտքն է՝ հատկապես նրանց վարակից պաշտպանելու առումով, որպեսզի չունենանք մահվան դեպքեր»,- ասաց Թորոսյանը:

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու ևս 15 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 60–ամյա կին է

Այսօր առավոտվա տվյալներով` ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 607-ի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ցավակցություն հայտնեց նրանց ընտանիքներին ու հարազատներին: