ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Տավուշի մարզում կայացած ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ հայկական բանակը երբեք առուծախի առարկա չի դարձրել դիակները և այս անգամ էլ չի դարձրել։
«Ես չեմ հիշում մի դեպք, որ հայկական բանակը առուծախի առարկա դարձնի դիակները։ Դա մարդկայնորեն սխալ է և հայեցի չէ», - ասաց Հովհաննիսյանը։
Նա ավելացրեց, որ չի կարող հայտարարել, թե ինչ պայմաններով են թույլ տվել ադրբեջանական կողմին տարհանել իրենց զինծառայողների դիակները։
Հիշեցնենք` այս գիշեր՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Ավելի ուշ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից։
Մի քանի ժամ անց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ում լուսանկարներ ու տեսանյութ հրապարակեց, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները միջդիրքային տարածությունից դուրս բերում իրենց զինծառայողների դիակները։
Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար խումբը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։
Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։