Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են, որ մեկնեն սահման. Ռուստամ Բաքոյան

ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն Ազգային ժողովի ամբիոնից կոչով հանդես եկավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հայտնում է` հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստ են մեկնել սահման։ Բաքոյանը նման հայտարարությամբ հանդես եկավ այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադառնալով Տավուշում ընթացող մարտական գործողություններին։

«Ադրբեջանի ԶՈՒ–ի` վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանի պատասխան են ստանում։ Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պաշտպանել ընդհանուր սահմանը»,–ասաց Բաքոյանը։

Նա ԱԺ ամբիոնից կոչ արեց ամբողջ աշխարհում գտնվող եզդիներին հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել, որպեսզի կարողանան Ադրբեջանի գործողություններին նաև հստակ դիվանագիտական պատասխան տալ։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է կանգնում։ Միրզոյանի խոսքով` երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններ կան, և մեկ անգամ չէ, որ «փորձություն է բռնել» այդ եղբայրությունը։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես մեծ դեր ունեցավ եզդիական համայնքը։ Ավելին, բոլորին է հայտնի ազգությամբ եզդի, ապրիլյան պատերազմի առաջին զոհերից Քյարամ Սլոյանի անունը։ Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել էր երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ այդ թվում Քյարամ Սլոյանը, չէին նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:

Ոստիկանությունն անվադողեր է ուղարկում սահման. տեսանյութ

Ինչ վերաբերում է այժմ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա այն սրվել է դեռ հուլիսի 12-ից։ 

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչ խնդիր է դրել Ադրբեջանը. պաշտպանության նախկին նախարարը մեկնաբանում է իրավիճակը

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։