ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահները կոչով դիմել են կողմերին և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հուլիսի 15-ն կայացած հանդիպումից հետո հայտարարություն են տարածել` ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտու լարվածության նվազումը։

ԵԱՀԿ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կողմերին հորդորել են բոլոր ջանքերը գործադրել լարվածությունը թուլացնելու համար։

«Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և իրավիճակը փոխելու փորձերից։ Համանախագահները շարունակում են ընդգծել խաղաղ գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը», - նշված է Մինսկի խմբի հայտարարության մեջ:

Նրանք ողջունել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հնարավորինս շուտ ղարաբաղյան կարգավորման կարևորագույն հարցերի շուրջ առարկայական բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ պայմանները թույլ տան։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։