Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Չինարի գյուղի բնակիչը վիրավորվել է հակառակորդի մարտական անօդաչու թռչող սարքի հարվածից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ընտրողների ռեգիստրի տվյալներով`Արամայիս Հովակիմյանը 48 տարեկան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիական բնակչության մեջ էլի վիրավորներ կան, որոնց թիվն այժմ ճշտվում է։

Նարդի` առաջնագծի մոտ. հուզիչ և ոգևորող տեսանյութ Չինարիից

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան հայտնել էր, որ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած կրակի վրա յուղ են լցնում»․ Փայլանը մեղադրել է Թուրքիային

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։