Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Լուսանկարներում երևում է սահմանամերձ գյուղի մանկապարտեզն ինչ տեսք է ունեցել մեկ շաբաթ առաջ և ինչ տեսք ունի հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Այգեպար գյուղի նոր վերանորոգված մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Կենտրոնի էջում նաև լուսանկարներ կան, որոնք արվել են մանկապարտեզում մեկ շաբաթ առաջ և այսօր։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան հայտնել էր, որ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմրաղբյուրը լուսանկարներով

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։