Արարատ գյուղում 22–ամյա տղամարդը խեղդամահ է արել իր 63–ամյա հարևանին. տեսանյութ

Նախնական տվյալներով` երիտասարդը կնոջ տնից վերցրել է նրա բանկային քարտը։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արարատի մարզի Արարատ գյուղում 22–ամյա տղամարդը խեղդամահ է արել իր հարևան 63–ամյա կնոջը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած է եղել։

Ոստիկանության տվյալներով` կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու նրան գտել սանհանգույցում մահացած։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Շուտով հայտնի է դարձել, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։

Ողբերգական ավտովթար Հրազդանում. կան զոհեր

Վարկած առաջ քաշվեց, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց կնոջ հարևանը։

22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 15-ի գիշերը, Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվեց Արարատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։