ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային։
«ԱԻՆ մեքենայի վրա ադրբեջանական զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել էր կադրեր, որտեղ երևում են, թե ինչպես են ադրբեջանցիների դիերը հանում միջդիրքային տարածությունից։ Մինչ այս նշվում էր, որ ադրբեջանական կողմն ունի 12 զոհ։ Հայկական զինված ուժերի 4 զինծառայող է զոհվել հակառակորդի գործողությունների հետևանքով։