Ինչ իրավիճակ է Արցախում և ՀՀ մյուս սահմանագոտիներում․ մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը

Տավուշում հուլիսի 15-ին վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի մարզում կայացած ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության այլ սահմանագոտիների ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։

Ադրբեջանը հուսահատության մեջ է․ ԱԳՆ-ն անդրադարձել է ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքին

«Ըստ էության, որևէ շեշտակի փոփոխություն չկա»,- ասաց Հովհաննիսյանը։

Տավուշում հուլիսի 15-ին հակառակորդի գնդակից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է։ Հովհաննիսյանը նաև պատասխանեց հակառակորդի կիրառած զինատեսակների մասին։

«Ամսի 12-ից սկսած հրետանային և ցամաքային զորքերի այն զինատեսակները, որոնք կիրառվել են, շարունակում են մնալ նույն աստիճանի վրա, ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ չեն կիրառվել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Չինարիի 48-ամյա բնակչի վիճակը բավարար է, վնասվել է 41 շինություն․ Հայկ Չոբանյան

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը,

Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։