ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Տավուշում՝ հակառակորդի սադրանքների հետևանքով սրված իրավիճակին։ Նա գրառում է կատարել Facebook-ում։
«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, որոնք կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին։ Ձեզ հետ եմ»,- գրել է ֆուտբոլիստը։
Նա գրառումն ավարտել է «Հենո» մակագրությամբ՝ հենց այնպես, ինչպես իրեն անվանում են հազարավոր երկրպագուները Հայաստանում (Եվրոպայում նրան «Միկի» են ասում՝ ազգանունը ձևափոխելով):
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ է, հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում վարձակալության իրավունքով։ Իտալական ակումբը երկարաձգել է վարձակալությունը մինչև ընթացիկ խաղաշրջանի փաստացի ավարտը, ինչպես նաև 2020-2021 խաղաշրջանի համար նախնական պայմանավորվածություն ձեռք բերել «Արսենալի» հետ կիսապաշտպանին վարձակալելու համար։
Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում. ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Ինչ իրավիճակ է Արցախում և ՀՀ մյուս սահմանագոտիներում․ մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը
Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։
Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։