Չինարիի 48-ամյա բնակչի վիճակը բավարար է, վնասվել է 41 շինություն․ Հայկ Չոբանյան

Բացի շինություններից, հարվածներից վնասվել են ջրագծեր, տրանսպորտային միջոցներ, ընտանի կենդանիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հակառակորդի անօդաչու թռչող սարքից վիրավորում ստացած Չինարիի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի վիճակը բավարար է։ Այս մասին Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել

«Ամբողջ օրվա ընթացքում շատ լավ կազմակերպվել է քաղաքացիների պաշտպանությունը և պատսպարումը։ Կեսօրից հետո վիրավորվել է Չինարիի բնակիչը, նրան օգնության հասնող ԱԻՆ-ի մեքենան էլ է թիրախավորվել և հարվածներ ստացել», - պատմել է մարզպետը։

Նրա խոսքով ՝ վերջին երեսուն տարում նման մասշտաբային քաղպաշտպանություն չի եղել մարզում, քանի որ այս անգամ հակառակորդը թիրախավորել է ամբողջ Բերդի տարածաշրջանը։

«Ուսումնասիրել ենք բոլոր վնասված շինությունները։ 51 վնասման դեպք ունենք՝ 41 շինություն, չորս ենթակառուցվածք, չորս տրանսպորտային միջոցներ, երկու ընտանի կենդանիներ։ Այդ 51 վնասումից 22-ը այսօր են եղել», - նշել է Չոբանյանը։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

Նրա խոսքով՝ վերականգնողական շինարարական աշխատանքները կիրականացվեն, երբ անվտանգ միջավայր ստեղծվի։ Միայն երկու շինություն լիարժեք կառուցման կարիք ունեն, մնացածը կվերականգնեն։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Մնացականյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների դեսպանների հետ. տեսանյութ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը,

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։