Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերականգնվի Երևանի համայնքային միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերականգնվի Երևանի համայնքային միջոցներով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին։ Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է Մարությանը։

Նա ավարտել է գրառումը #Միասին_ուժեղ_ենք և #Հավերժական_Հայաստան հեշթեգներով, իսկ կից հրապարակել է Այգեպարի մանկապարտեզի լուսանկարը՝ հրետակոծությունից առաջ։

Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից այսօր՝ հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16. ինչպես են ադրբեջանական հատուկջոկատայինները դիվերսիոն փորձ արել

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 12 (11 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ) իսկ հայկական կողմը` 4 զոհ։