ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով` ընդհանուր այս պահին բուժում է ստանում տասը զինծառայող։
«Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,–գրել է նա և առողջություն ու շուտափույթ ապաքինում մաղթել տղաներին։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հայտնեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում երեկ, ժամը 23:15-ից մինչև առավոտ ապահպանվել է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13–ին վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի 14–ի 23։15–ից մինչև հուլիսի 15–ի առավոտյան հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հարաբերական անդորր է։ Կրակոցները քչացել են։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։