Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով

Տավուշի մարզպետի խոսքով` այս պահին Տավուշի մարզ են ուղևորվում շտապօգնության 5 ամենագնաց ավտոմեքենաներ, որոնք բաշխվելու են սահմանամերձ գյուղերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դիմակայունության ծրագրի շրջանակներում առաջիկա 1-2 ամիսներին սահմանամերձ բոլոր գյուղերը կապահովվեն քաղպաշտպանության տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով: Տեղեկությունը այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Տավուշի տուժած գյուղերի բնակիչները փոխհատուցում կստանան. վնասները հաշվում են

«Դա ներառում է և՛ ապաստարանների համապատասխան հագեցվածությունն այնտեղ, որտեղ կան որոշակի թերություններ, դա ներառում է գյուղերի տեխնիկական ապահովվածությունը՝ սահման տանող ճանապարհների տեսահսկումը, անլար հատուկ կապի միջոցների տրամադրումը համայնքապետարաններին, լարային ֆիքսված կապի և ուղղակի կապի տրամադրումը և, իհարկե, շչակային իրազեկման համակարգերի տեղադրումը, որոնք կմեծացնեն գյուղի դիմակայունության մակարդակը: Այսկերպ մենք ավելի պատրաստված կլինենք դիմակայելու ցանկացած վտանգի»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետի խոսքով` անվտանգության նկատառումներից ելնելով` սահմանամերձ գյուղերում արդեն իսկ կան կառուցված արգելապատեր: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել դրանց թիվը` հակառակորդի տեսադաշտից գյուղը ծածկելու համար: Նույն նպատակով սահմանամերձ գյուղերում նախատեսվում է նաև ծառատունկ իրականացնել:

Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան

Նա նաև հայտնեց, որ այս օրերին մարզի շտապօգնության ու հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները տեղաբաշխված են եղել սահմանամերձ գյուղերում, և այս պահին Տավուշի մարզի ճանապարհին են շտապօգնության ևս 5 ամենագնաց ավտոմեքենաներ, որոնք ևս բաշխվելու են սահմանամերձ գյուղերում:

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ աշխատանքը համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց